Իտալիան և Հայաստանն ունեն ընդհանուր հազարամյա պատմություն և մշակութային արմատներ, որոնց շնորհիվ երկու երկրները կարողացել են հաստատել խորը սոցիալ-մշակութային կապեր: Բազմաթիվ են երկու երկրների միջև մշակութային նախաձեռնությունները հնագիտության, թանգարանների, երաժշտության, կինոյի և լեզուների դասավանդման ոլորտներում՝ հայկական հաստատությունների հետ համագործակցությամբ, որոնց հիմնական գործընկերն է հանդիսանում այս դեսպանությունը։
Մասնավորապես, 2024 թվականին Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Երևանի կենտրոնում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, բացվեց «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցահանդեսը։ Վերջինս բաղկացած էր շուրջ հարյուր ստեղծագործությունից, որոնք թվագրվում են տարբեր պատմական ժամանակաշրջաններով՝ սկսած XIV մինչև XX դար: Ցուցահանդեսին ներկայացված էին այնպիսի մեծանուն վարպետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Դոնատելլոն, Տինտորետտոն, Գուերչինոն, Կանալետոն և Կանովան, որոնք վկայում են Հայաստանում առկա իտալական գեղարվեստական և մշակութային ժառանգության հարստության և երկու երկրների միջև գոյություն ունեցող խորը կապի մասին:
Բացի այդ, կարող ենք նշել նաև 2023 թվականին Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված և «Պերուջինոյին» նվիրված շրջիկ ցուցահանդեսը, ինչպես նաև 2018-2019թթ․ ժամանակահատվածում Հռոմեական բարոկկոյի և Բեռնինիի դպրոցի 55 գլուխգործոցների ցուցադրությունը Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
2022 թվականին, Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան։
Բացի այդ, իտալական և հայկական կինեմատոգրաֆիական մշակույթների բազմաթիվ ընդհանուր տարրերի շնորհիվ, դեսպանությունը պարբերաբար մի շարք նախաձեռնություններ է իրականացնում այս բնագավառում: Երկու երկրների կինոփառատոնները, ներառյալ իտալական «Սուդեստիվալը» և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, տարիների ընթացքում համապատասխանաբար ներառել են բաժիններ՝ նվիրված հայկական և իտալական ֆիլմերին: Բացի այդ, հարկ է նշել Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուերայի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում 2020 թվականին իրականացված ցուցադրությունների ծրագիրը։
Ի վերջո, հաշվի առնելով հնագիտական ոլորտի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը, Հայաստանում տարիներ շարունակ գործունեություն են ծավալում իտալական մի շարք հնագիտական առաքելություններ, այդ թվում՝
• Հնագիտական առաքելություն Հարավային Կովկասում, ISMEO – Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա, ղեկավար՝ Ռոբերտո Դան, շարունակվում է 2013 թվականից,
• Արուճի և Մետաքսի ճանապարհի ամրությունների իտալա-հայկական հնագիտական առաքելություն, ISMEO – Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա, ղեկավար՝ Սերջիո Ֆերդինանդի, շարունակվում է 2022 թվականից,
• Մետաքսի ճանապարհի ստեղծումը Հայաստանում. միջին դարերում (XII-XIV դարեր) Եվրոպա-Ասիա կապի թեթև հնագիտական ուսումնասիրություն, Ֆլորենցիայի համալսարան, ղեկավար՝ Միքելե Նուչոտի, շարունակվում է 2013 թվականից,
• Հայկական «Վիշապ» քարակոթողներ, Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանի հնագիտական նախագիծ, ղեկավար՝ Ալեսսանդրա Ջիլիբերտ, շարունակվում է 2012 թվականից,
• Հայաստանի պարսկական ճարտարապետական ժառանգությունը: Գույքագրում, փաստաթղթավորում, պահպանում և արժևորում, «Ինժ․ Կարլո Մաուրիլիո Լերիչի» հիմնադրամ, ղեկավար՝ Մաուրիցիո Բորիանի, արշավախմբի աշխատանքների մեկնարկը՝ 2023թ․։