1. Արժևորման հայտարարագիրը (Dichiarazione di Valore) բացառապես տեղեկատվական բնույթի փաստաթուղթ է, հետևաբար վերջինս ինքնին որևէ կերպ չի հանդիսանում որպես տվյալ որակավորման ճանաչման ձև. այն օգտակար տեղեկատվություն է տրամադրում Իտալիայի՝ օտարերկրյա որակավորումների իրավական ճանաչման համար իրավասու հաստատություններին՝ որակավորման հետագա գնահատման համար:
2. Դեսպանությունը իրավասու է Արժևորման հայտարարագրեր տրամադրել բացառապես Հայաստանում պաշտոնապես հավատարմագրված միջնակարգ/ակադեմիական ուսումնական կամ մասնագիտական հաստատությունների կողմից տրված ուսումնական/մասնագիտական որակավորումների համար:
3. Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն սահմանում է, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ընդունելության դիմումի հետ միասին: Ուսանողներից պահանջվում է ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են համարվում ուսումնական հաստատության կողմից օտարերկրյա որակավորումը արժևորելու համար, ինչպիսիք են՝ հնարավոր թարգմանությունները, վավերացումները, դիպլոմի հավելվածը, քննությունների մասին տեղեկանքները, իտալական ENIC-NARIC կենտրոնի (CIMEA) տեղեկանքները, Արժևորման հայտարարագրերը կամ այլ ատեստավորումները, որոնք կարող են օգտակար լինել օտարերկրյա որակավորման մանրամասները ստուգելու համար: Նախնական ընդունելության (pre-enrolment) ընթացակարգերի մասին տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։
4. Արժևորման հայտարարագիրը կարող է պահանջվել տարբեր նպատակներով.
• Իտալիայում կրթության ցանկացած աստիճանի ճանաչման նպատակով,
• Իտալիայում ցանկացած մակարդակում ուսումը շարունակելու նպատակով,
• Իտալիայում մասնագիտական որակավորումների ճանաչման նպատակով։
5. Իտալիայում կամ այլ երկրներում ձեռք բերված որակավորումների ճանաչման համար, հարկավոր է դիմել NARIC կենտրոնին:
6. Ինչ վերաբերում է հայկական որակավորումների իտալերեն թարգմանություններին, ապա վերջիններս պետք է կատարվեն որակավորված թարգմանիչների կողմից՝ նոտարական վավերացմամբ և վավերացվեն նաև ապոստիլով։
Որակավորված թարգմանիչների կոնտակտային տվյալների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով
Տեղեկությունների համար՝ commerciale.jerevan@esteri.it
7. Հայաստանում ձեռք բերված որակավորումների (ատեստատ, բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ և այլն) Արժևորման հայտարարագրեր ստանալու համար, ուսանողները պետք է դիմեն TLS վիզաների կենտրոն՝ հանդիպում նշանակելու համար:
Նշանակված հանդիպմանը դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Անձնագիր և անձնագրի պատճեն,
2. Արժևորման հայտարարագիր ստանալու դիմում,
3. Ապոստիլով վավերացված ուսումնական որակավորումների (ատեստատ, բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ և այլն) բնօրինակները,
4. Ապոստիլով վավերացված դիպլոմի միջուկների բնօրինակները,
5. 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերի իտալերեն թարգմանությունը՝ կատարված որակավորված թարգմանչի կողմից և վավերացված ապոստիլով (թարգմանությունները և պատճենների իսկությունը ևս պետք է վավերացվեն նոտարական կարգով),
6. 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված փաստաթղթերի հասարակ պատճեններ,
7. Եթե դիմորդը ցանկանում է Արժևորման հայտարարագիր ստանալ ուսման նպատակով, ապա անհրաժեշտ է կցել ուսումնական հաստատության կողմից տրված ընդունելության նամակի պատճենը:
Արժևորման հայտարարագիր ստանալու դիմումի ձև – Դիմումի ձևը պետք է լրացվի ամբողջությամբ, մասամբ լրացված հայտը համապատասխան գրասենյակի կողմից անընդունելի կհամարվի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արժևորման հայտարարագիր ստանալու նպատակով այս դեսպանությանը հանձնած վկայականների բնօրինակները ընթացակարգի ավարտից հետո կվերադարձվեն դիմորդին:
Հարկ է նաև նշել, որ Արժևորման հայտարարագիրը տրվում է արդեն իսկ ավարտված ուսումնական փուլերի համար (ատեստատ, բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ և այլն):
Արժևորման հայտարարագրի թողարկումը պահանջում է 41 եվրոյին համարժեք գումարի վճար: Վճարումից ազատումը կիրառվում է միայն ապացուցված ուսումնական նպատակների առկայության դեպքում: