Ապրիլի 28-ին մեկնարկել է Գառնու տաճարի՝ մ․թ․ III դարի բաղնիքի խճանկարի վերականգնման նախագիծը։ Աշխատանքները ղեկավարում են Ֆլորենցիայի «Opificio delle Pietre Dure» ինստիտուտի փորձագետները՝ Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) կողմից ֆինանսավորվող ավելի մեծ ծրագրի շրջանակներում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կատարած այցի ընթացքում իտալացի վերականգնողները հայ գործընկերների ուղեկցությամբ նախնական ուսումնասիրությունների և նմուշառման սկզբնական աշխատանքներ են իրականացրել՝ նախքան գործնական նուրբ փուլի մեկնարկը։
Վերականգնման աշխատանքները՝ շուրջ երեք տարի նախատեսվող տևողությամբ, ներառելու են ինչպես հատակի խճանկարի վերականգնումը, այնպես էլ մի շարք կարևոր կառուցվածքային միջամտություններ բաղնիքի ծածկի և շինության վրա:
Համատեղ նախագիծը, որին ի սկզբանե աջակցում է Երևանում Իտալիայի դեսպանությունը, վկայում է Իտալիայի և Հայաստանի միջև ամուր սիներգիայի մասին և նախատեսվում է, որ այն էական ազդեցություն է ունենալու նաև զբոսաշրջության ոլորտի վրա։
Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման ծրագրի մեկնարկը