Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

«Էպիլեպսիայի դեսպան», պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի այցը Հայաստան

Visita in Armenia del Prof. Vigevano1

Ապրիլի 28-ին Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Հռոմի «Սան Ռաֆաելե» ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին է շնորհել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։ Միջոցառմանը մասնակցել են դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի անդամներ և բժշկական անձնակազմ։
Արարողության ավարտին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող բազմաբնույթ աշխատանքները:
Հայկական կողմի հրավերով եռօրյա աշխատանքային այցի ընթացքում պրոֆ. Վիջեվանոն հնարավորություն է ունեցել ծանոթանալու մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցելու կլինիկական բարդ դեպքերի քննարկումների և ախտորոշիչ խորհրդատվություններ իրականացնելու բազմաթիվ բուժառուների համար:
Ապրիլի 30-ին պրոֆ. Վիջեվանոյին՝ դեսպան Ֆերրանտիի ուղեկցությամբ, ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նախագահ Խաչատուրյանը, շնորհակալություն հայտնելով պրոֆեսորին այցի և իր արժեքավոր մասնագիտական փորձով կիսվելու համար, հույս է հայտնել, որ կլինեն նոր հնարավորություններ Հայաստանում կրկին հյուրընկալելու անվանի մասնագետին և էլ ավելի խորացնելու հարաբերությունները Իտալիայի հետ առողջապահության կարևորագույն բնագավառում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտի արդիականացմանը, Իտալիայում հայ բուժանձնակազմի վերապատրաստման և մասնագիտացման հնարավորություններին, ինչպես նաև բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը։