2025 թվականի ապրիլի 11-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ վերջինիս ընդունել է համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը։
Հանդիպման ընթացքում դեսպան Ֆերրանտին ընդգծել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից է երկու երկրների միջև մշակութային կապերի հետագա ամրապնդումը՝ հատկապես կրթության ոլորտում։ Դեսպանը, կարևորելով ակադեմիական համագործակցության ընդլայնումը, բարձր է գնահատել Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից իրականացվող գործունեությունը՝ մասնավորապես իտալերենի դասավանդման առումով։
Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր հերթին նշել է համալսարանի պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը դեսպանության, իտալական համալսարանների և այլ մշակութային հաստատությունների հետ, այդ թվում՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի Երևանի կոմիտեի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Պերուջայի օտարերկրացիների համալսարանի և Վերոնայի համալսարանի հետ առկա համագործակցությանը, ինչպես նաև իտալերենի իմացության CELI հավաստագրմանը, որի քննական կենտրոնը Հայաստանում հանդիսանում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը։
Այնուհետև զրուցակիցները ներկա են գտնվել իտալերենի մասնաբաժնի դասախոսների կազմակերպած «Դանթեական օր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի իտալերենի ուսանողներ և «Վազգեն Սարգսյան» ռազմական ակադեմիայի հինգ կուրսանտներ՝ «Աստվածային կատակերգության» ընթերցումներով և երաժշտական կատարումների շարքով։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան