Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն նշել է, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա, երկու երկրներն ու ժողովուրդները նման են իրենց արժեհամակարգերով:

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն Հայաստանի նախագահին է փոխանցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ասել է, որ պատրաստ է առավել մեծ ջանքեր ներդնել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ուղղությամբ:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու և հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի կապակցությամբ, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեսպանը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար:

Հայաստանի նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Ընդգծվել են մասնավորապես առևտրատնտեսական, տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:

 

Տեսանյութի համար սեղմել այստեղ