Ապրիլի 25-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել իրավունքի զարգացման և, մասնավորապես, սահմանադրական արդարադատության ոլորտում Իտալիայի հարուստ ավանդույթները։ Այս առումով նախագահ Դիլանյանը, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական խորը հարաբերությունները, կարևորել է փորձի փոխանակումն ու կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունն առավել զարգացնելու համար:
Դեսպան Ֆերրանտիի խնդրանքով Արման Դիլանյանը նաև ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ