Փետրվարի 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Ընդգծելով երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու ընդհանուր արժեքները՝ կողմերը քննարկել են մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցության հարուստ օրակարգն առավել ընդլայնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական համալսարաններում և դպրոցներում իտալերեն լեզվի դասավանդման, ինչպես նաև հնագիտության ու պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության կարևորությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ մշակութային նախագծերի խթանումը, ինչպես նաև փորձի փոխանակման և միջբուհական ու գիտական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։