Questo sito usa cookie per fornirti un'esperienza migliore. Proseguendo la navigazione accetti l'utilizzo dei cookie da parte nostra OK

ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք' զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ

Ամսաթիվ:

օ/ա/Տ


ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք' զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ

Հունիսի 2-ին նշվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնը, որի առիթով ուղերձ է հղել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

«Իտալիայի Հանրապետության տոնը ինձ հնարավորություն է ընձեռում ջերմորեն ողջունելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դիվանագիտական կորպուսի հարգարժան անդամներին, այստեղ բնակվող կամ ժամանակավորապես գտնվող հայրենակիցներիս, բարեկամ հայ ժողովրդին:

Այսօր տոնում ենք Իտալիայի Հանրապետության 74-րդ տարեդարձը: Տոնում ենք ժողովրդական հանրաքվեն, որը թույլ տվեց Իտալիային Հանրապետություն դառնալ և ունենալ ներկայիս Սահմանադրությունը, որը մինչ օրս հանդիսանում է մեր քաղաքացիական կենսակերպի առանձնահատուկ հիմքը, և որի սկզբունքների և արժեքների միասնության միջոցով մենք իտալացիներս մեզ ճանաչում ենք։ Սահմանադրություն, որն անեղծ պահպանում է իր կենսունակությունը, որը շոշափելի և արգասավոր է դարձնում Հայրենիքի գաղափարը, և որը կարգավորում է քաղաքական, քաղաքացիական և սոցիալական ազատությունների շրջանակը:

Ներկայիս հանգամանքները մեզ ստիպում են հետաձգել ավանդական բազմամարդ ընդունելությունը, որ նախորդ տարիներին հաճույք եմ ունեցել կազմակերպել իմ կեցավայրում: Այնուամենայնիվ, զգում եմ Ձեր մտերմությունը և բարեկամությունը: Զգացմունքներ, որոնք այս յուրահատուկ օրը նորոգվում են, սակայն որոնք մշտապես զգացել եմ այստեղ Երևանում իմ հաստատվելուց ի վեր։ Իմ հայրենակիցներիս ցանկանում եմ վստահեցնել, որ Հայրենիքն այսօր առավել քան մոտիկ է, և ձեր, մեր հարազատներից ֆիզիկական և աշխարհագրական հեռավորությունը չի խոչընդոտում մեզ միասնական զգալ:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի նաև երախտագիտությունս հայտնել Հայաստանի իշխանություններին յուրահատուկ հագեցած փոխգործակցության համար, որը բնորոշում է վերջին տարում երկկողմանի հարաբերությունները ամենաբարձր մակարդակում և գրեթե բոլոր ոլորտներում։

Փաստ է, որ մեր երկրները և մեր ժողովուրդները միավորող խորը կապերը հիմնվում են մեր ընդհանուր պատմության բազմաթիվ դրվագների, ազատության և ժողովրդավարության տենչանքի վրա, որն ուղղորդեց մեզ դեպի հանրապետություն, թեև տարբեր ուղիներով և ժամանակներում։ Մեր հարաբերություններում մեծ ավանդ ունեն Հայաստանոմ բնակվող իտալական և Իտալիայի հայկական համայնքները: Այսօր Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները սնուցվում են նաև Եվրոպական Միության և Հայաստանի միջև զարգացող դինամիկ հարաբերություններից։

Ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Հայաստանի իշխանություններին և քաղաքացիներին համավարակի առավել սուր փուլում Իտալիային ուղղված համերաշխության բազմաթիվ ուղերձների համար: Թույլ տվեք, կրկին օգտվելով այս առիթից, իմ հերթին հրապարակայնորեն հայտնել ապրումակցումս Հայաստանին ներկայիս համավարակի հետ կապված ցավալի ճգնաժամի առումով։ Հայերն իրենց պատմության ընթացքում բախվել են հսկայական մարտահրավերների և սպառնալիքների: Այս փորձությունը նույնպես կհաղթահարեք' զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ՝ ապավինելով ձեր իշխանությունների արտակարգ ջանքերին և միջազգային համագործակցությանը, նախ և առաջ Եվրամիությանը։

Այնտեղ, ուր խոսքերը բավարար չեն, հաճախ օգնության է հասնում երաժշտությունը' որպես ժողովուրդներին իրար կապող արտակարգ հյուսվածք: Ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի, առաջարկում եմ այս հղումով միասին դիտել Հռոմի Օպերային թատրոնի նվագախմբի համերգը' դիրիժոր Դանիելե Գատտիի ղեկավարությամբ: Ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Վիվալդիի, Բախի և Պուչինիի ստեղծագործությունները: Համերգից առաջ ուղերձով հանդես է եկել Իտալիայի Հանրապետության նախագահը:

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նաև Հայաստանի Ազգային Սիմֆոնիկ Նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանին Իտալիային նվիրված վիրտուալ համերգի համար, որը կհեռարձակվի վաղը մեր սոցիալական կայքերում և YouTube-ի ալիքով:

«Կյանքը հրաշալի է» խորագրով համերգի ընթացքում կներկայացվեն Նիկոլա Պիովանիի ստեղծագործությունները' հանրահայտ երաժիշտներ՝ դիրիժոր Ջիանլուկա Մարչանոյի, բանդոնեիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, ջութակահար Աննա Տիֆուի, դաշնակահարներ՝ Գլորիա Կամպաների, Ռոբերտո Կոմինատիի, Կոստանցա Պրինչիպեի կատարմամբ: Հրաշալի երաժշտություն, որ դիպչում է հոգու ամենախոր լարերին և որը մեզ հիշեցնում է, թե որքան մեծ է Արվեստի և Գեղեցկության կարևորությունը այս աշխարհում մեր՝ իտալացիներիս ինքնության հարցում:

Վիրտուալ գավաթ եմ բարձրացնում Իտալիայի, Հայաստանի, այստեղ ապրող մեր բոլոր հայրենակիցների, Ձեր և Մեր անձնական բարեկեցության համար:

Կեցցե՜ Իտալիան:
Վինչենցո Դել Մոնակո»,- ասվում է ուղերձում։


695